ԸՍՏ 306 ԲԱՆԱՁԵՎԻ` ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՐԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 2011-ի դեկտեմբերի 13-ին ընդունել է 306 բանաձևը, ըստ որի, Թուրքիան պետք է իրավական տերերին վերադարձնի իր տարածքում գտնվող հայկական, հունական, ասորական հուշարձաններն ու եկեղեցիները: Ըստ այդմ, Թուրքիան անցել է իրեն բնորոշ քայլերի` Խորագույն Հայքի Տայք նահանգի հայկական 300 հուշարձան ճանաչելով որպես վրացական մշակութային ժառանգություն: Խնդիրն օրերս քննարկվել է ՀՀ Հանրային խորհրդում: Թեմայի շուրջ իրենց պարզաբանումներն են ներկայացնում Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովի նախագահ ԺԱՍՄԵՆ ԱՍՐՅԱՆԸ, պատմաբան ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ և արձակագիր ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ:
«ՏԱՅՔԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԲՆՕՐՐԱՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
«Իրատես de facto»-ի հետ զրույցում Աշոտ Մանուչարյանը ներկայացրեց պատմական փաստը, ըստ որի, Տայքը Մեծ Հայքի 14-րդ նահանգն է և հայ ժողովրդի կազմավորման բնօրրաններից մեկը: Ատրպետի ուսումնասիրության համաձայն` այն եղել է պարթևների նախահայրենիքը, որտեղից նրանք պատմական ինչ-որ ժամանակահատվածում արտագաղթել են Միջին Ասիա: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո, երբ ընկավ Պարսից տերությունը, իշխանության եկան պարթևները` Արշակունիները, որոնք հետագայում դարձան նաև հայոց արքաներ: Այսինքն, Տայքը հայ ժողովրդի կազմավորման բնօրրաններից մեկն է: 301-ին, քրիստոնեությունը պաշտոնապես պետական կրոն ճանաչելուց հետո, այստեղ, ինչպես նաև Հայաստանի մյուս նահանգներում, կառուցվեցին մեծ թվով եկեղեցիներ: Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի երկրորդ բաժանումից հետո Տայքն անցավ Բյուզանդիային, և առաքելադավան հայերի նկատմամբ ճնշումներ սկսվեցին: Չնայած ընդվզումներին, նրանք աստիճանաբար ընդունեցին քաղկեդոնականությունը, իսկ առաքելական եկեղեցիները դարձան քաղկեդոնական: Այդ եկեղեցիներում ժամերգությունները, առհասարակ, ծիսական արարողակարգերը կատարվել են հայերեն: Դա առաջին փուլն է հայերի քաղկեդոնականացման, որը դրվագային առկայծումներ է ունեցել: Մեր հայրապետները մշտապես դիմակայել ու թույլ չեն տվել քաղքեդոնականացում: Հայերի քաղկեդոնականացման երկրորդ փուլը սկսվեց Վրաստանի հզորացմամբ, 12-րդ դարի վերջին, 13-րդի սկզբին: Ձևավորվեց հայ-վրացական զինակցային դաշինք, որը գլխավորում էին Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները, ազատագրվեցին մեծ թվով տարածքներ, այդ թվում` Տայքը: Եկեղեցիները, անշուշտ, այնտեղ առաքելադավան էին: Ինչպես վկայում են մեր պատմագիրներ Կիրակոս Գանձակեցին և Վարդան Արևելցին, Իվանե Աթաբեկի քաղկեդոնականացում ընդունելուց հետո, մի շարք եկեղեցիներ, որ նախկինում առաքելական էին, դարձան քաղկեդոնական` թե՛ ներկայիս Հայաստանի տարածքում, թե՛ մեր երկրի պատմական սահմաններում:
Աշոտ Մանուչարյանը, ամփոփելով իր խոսքը, նշեց, որ վրացիները ոչ մի իրավասություն այդ եկեղեցիների նկատմամբ չունեն, դրանք եղել են հայկական եկեղեցիներ, մի մասը նախկինում առաքելադավանների, մյուս մասը հայ քաղկեդոնականների կողմից կառուցված: Այդ եկեղեցիների ժառանգորդները հայերն են:
«ԹՈՒՐՔԻԱՆ ՈՉ ՄԻ ՍԱՆՏԻՄԵՏՐ ՉԻ ՀԵՌԱՑԵԼ ԻՐ ՊԱՆԹՈՒՐՔԻՍՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԱՋԻՆՋ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
Արձակագիր Վահան Տեր-Ղազարյանը հավելեց, որ Տայքը գտնվում է Պարխարի լեռների հյուսիս-արևելյան հատվածում, Ճորոխ գետի ավազանում, ներկայումս սահմանակից է Բաթումի մարզին, այսինքն` պատմական Եկերքին: Վրացիները տարածքը Կղարջքի հետ միասին կոչում են Տաո-Կլարջեթի: Ընդհուպ մինչև Նիկողայոս Մառի շրջանը հաստատված էր տարածքի հայկական և հայաբնակ լինելը, չնայած հայերի մի մասի ծաթեր` քաղկեդոնական լինելուն: Որքան էլ զարմանալի է, Հայաստանի ծայրագավառը, որի միջոցով մենք առնչվում էինք Սև ծովի հետ, Վանի թագավորության ժամանակից եղել է Հայկական լեռնաշխարհի ու Հայաստանի կազմի մեջ, Քսենոփոնի շրջանում` մ.թ.ա. 4-րդ դարում, Երվանդունյաց Հայաստանի շրջանում նույնպես եղել է Հայաստանի կազմում: Արտաշեսյան շրջանում այն ավելի է ամրապնդվում և շարունակվում է մինչև Զաքարյան իշխանության` Թամար թագուհու հայ-վրացական դաշինքի շրջանը: Այսինքն, Բագրատունյաց իշխանության ամբողջ շրջանում ևս Տայքը հայկական էր:
Խոսելով Տայքի առանձնահատկության մասին, արձակագիրը նշեց, որ Հայքի 14-րդ նահանգը ճարտարապետության տեսանկյունից գրեթե ճշտիվ կրկնում է Արարատյան դաշտի ճարտարապետությունը: Առանձին տարբերություններ չկան: Վահան Տեր-Ղազարյանը Տիրան Մարությանի «Խորագույն Հայք» աշխատության հրատարակիչներից է և նշեց, որ ժամանակին գիրքը մեծ արձագանք չունեցավ, չնայած հայ կերպարվեստի երկրորդ սիմպոզիումում հայ-վրացական վիճաբանություններ եղան Տայքի պատկանելության մասին. «Գեորգի Մերչուլից սկսած (10-րդ դար) մինչև Մառ, Թաղիաշվիլի (20-րդ դար) վկայել են, որ Տայքում ժողովուրդը հայախոս էր, պարզապես որոշ եկեղեցիներում պարտադրաբար վրացերեն կամ հունարեն էին կատարվում արարողությունները: Հետագայում հուշարձանների պատերին ներկով գրվել են վրացերեն արձանագրություններ: Շինությունների պատերից հայկական վիմափոր արձանագրությունների մի մասը եղծվել է կամ ոչնչացվել: Որևէ խոսակցություն դրանց վրացական լինելու մասին, սակայն, չի կարող լինել, որովհետև, կրկնում եմ, բոլոր հուշարձանները ճշտիվ կրկնում են Արարատյան դաշտի, այսինքն` Այրարատ արքայական հիմնական նահանգի հուշարձանները»: Նշենք, որ Տայքը սահմանակից է Այրարատ նահանգին: Տիրան Մարությանը իր «Խորագույն Հայք» աշխատությունում գրում է. «Էջմիածինը նախորդել է Իշխանին, Իշխանը` Զվարթնոցին, Զվարթնոցը` Բանակին: Մյուս կողմից` Դվինը նախորդել է Թալինին, Թալինը` Օշկին: Ճարտարապետության զարգացման թելը անխզելի գնում ու երկրի տարբեր մասերը հաջորդաբար միահյուսում է մի ընդհանուր ընթացքի մեջ` կենտրոն ունենալով Մեծ Հայքի կենտրոնական նահանգները»:
Հուշարձանների պատկանելությունից զատ, խնդիրն ունի նաև քաղաքական շեշտադրում: Գրողի համոզմամբ` Թուրքիան հարցն իրեն բնորոշ ձևով քաղաքականացնում է, փորձելով առաջացնել հայ-վրացական լարվածություն. «Սա այն ֆոնի վրա, որ ներկայումս Քեսաբում տեղի են ունենում գենոցիդային ակցիաներ: Այսինքն, Թուրքիան ոչ մի սանտիմետր չի հեռացել իր պանթուրքիստական և հայաջինջ քաղաքականությունից: Նման մոտեցումը Տայքի հուշարձանների նկատմամբ մենք համարում ենք գենոցիդային ակցիայի բաղկացուցիչ մաս»:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՅՔՈՒՄ
Ժասմեն Ասրյանի համոզմամբ` խնդիրը պետք է լուծել` շեշտը դնելով միջազգային կոնվենցիաների և պայմանագրերի վրա. «Մենք առաջարկել ենք ստեղծել ՀՀ կառավարությանը կից գիտական-քաղաքական ժամանակավոր հանձնաժողով, կազմված իրավաբաններից, պատմաբաններից, ճարտարապետներից, դիվանագետներից և այլ մասնագետներից»: Հանձնաժողովն իր ձեռքը կվերցնի խնդրի լուծման բոլոր գործընթացները: Առաջարկվել է նաև վերականգնել պատմական հուշարձանների պահպանության պետական կոմիտեն, որի բացակայությունն է գուցե նպաստել, որ մեր հուշարձանների հետ կատարվի այն, ինչ այսօր կատարվում է Թուրքիայում և այլ երկրներում: Ժասմեն Ասրյանը նշեց նաև, որ վրացի 80 մասնագետներից կազմված խումբն ուսումնասիրել է Տայքի հուշարձանները որպես վրացական մշակութային ժառանգություն, իսկ մեր կողմից նման քայլ երբևէ չի արվել:
Աշոտ Մանուչարյանը առաջարկեց Տիրան Մարությանի` Տայքի ճարտարապետությանը նվիրված գիրքը թարգմանել անգլերեն, վրացերեն, թուրքերեն, ռուսերեն ու համաշխարհային ճանաչում տալ: Վահան Տեր-Ղազարյանը հավելեց, որ հարկ է ստեղծել հանձնաժողով, որը կկարողանա ժամանակակից հետազոտություններ անցկացնել: Քանի որ գրքում ներկայացված են ամենախոշոր համալիրները (երբ այն հրատարակվեց, հնարավորություն չկար ուսումնասիրելու), մինչդեռ հայտնի հուշարձանների թիվն անցնում է 300-ից: ժասմեն Ասրյանն առաջարկեց միջազգային գիտաժողով հրավիրել թեմայի շրջանակում, և պարտադիր ապահովել համապատասխան բոլոր միջազգգային կազմակերպությունների, ինչպես նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մասնակցությունը:
«ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է ԽՆԴԻՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՈՒՑԵ ՆՈՒՅՆԻՍԿ` ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ»
Թուրքիայի «շռայլ» քայլը` Տայքի հուշարձանների հետ կապված, հավանաբար ոչ հեռավոր աղերսներ ունի Ցեղասպանության մոտեցող 100-ամյակի հետ: Վահան Տեր-Ղազարյանի կարծիքով` պետք է պատրաստ լինել ավելի սուր խնդիրների, սրանք դեռ ծաղիկներն են. «Մամուլի նշանակությունը առաջնային է այս հարցում` բարձրաձայնելու, միջազգայնացնելու, անընդհատ միկրոսկոպի տակ պահելու համար: Մինչև եկող տարվա այս ժամանակահատվածը մենք պետք է բեկանենք շանթերն ու դիմակայենք ամեն տեսակի պրովոկացիաների ու շանտաժների»: Գրողը նկատեց, որ Թուրքիային ձեռնտու է խնդիրը տեղափոխել քաղաքական հարթություն, գուցե նույնիսկ` ռազմական: Մենք այն գիտական հարթությունում պետք է պահենք: Պետք է ռուսական, իտալական հայագիտական դպրոցի ներկայացուցիչների, հայկական ճարտարապետությանը քաջատեղյակ մասնագետների մասնակցությամբ գիտաժողով կազմակերպել, հրավիրել նաև վրաց մասնագետներին: Աշոտ Մանուչարյանն իր հերթին ընդգծեց, որ հուշարձաններն օտարելով` Թուրքիան նպատակ ունի տարածքը զրկելու հայկականությունից, որպեսզի հայ ժողովուրդը հետագայում պահանջներ չներկայացնի այդ տարածքների, մասնավորապես` Տայքի հարցում: Նրա կարծիքով` միջազգային կազմակերպությունների միջոցով պետք է ճնշում գործադրել երկու կողմերի վրա: Նկատեց նաև, որ առանձին անհատներն ու մասնագետներն ի զորու չեն պայքարելու, դա պետք է արվի պետականորեն:
«ԻՆՉ-ՈՐ ԴՐՍՈՒՄ Է, ԱՆԴԱՌՆԱԼԻ ԿՈՐՈՒՍՏ Է»
Մենք ինքներս շատ հաճախ անխնա ենք վարվում հենց մեր տարածքում գտնվող պատմական արժեքների նկատմամբ: Ինչպե՞ս ենք, ուրեմն, պայքարելու դրսի աշխարհի դեմ: Այս հարցը ևս մտահոգում է մասնագետներին, այնուամենայնիվ, ինչպես նկատեց Աշոտ Մանուչարյանը, առանձին դեպքեր եղել են, բայց նաև վերանորոգվում են հուշարձանները, պահպանվում, մաքրման, ամրակայման աշխատանքներ են տարվում: «Հետո սա մերն է, ինչ-որ ժամանակ հետո կփոխվի վերաբերմունքը, իսկ ինչը դրսում է, անդառնալի կորուստ է»,- եզրահանգեց պատմաբանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ